Լոնդոն-2012-ը սկսված է (լուսանկարներ, տեսանյութեր)


Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հանդիսավոր կերպով կայացավ 30–րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։
Յոթ բրիտանացի երիտասարդ մարզիկներ վառեցին օլիմպիական կրակը, որը «Օլիմպիական» մարզադաշտ հասցրեց բրիտանացի լեգենդար թիավար, անընդմեջ 5 օլիմպիական խաղերի չեմպիոն Սթիվ Ռեդգրեյվը, ով իր հերթին ստացել էր կրակը անգլիացի ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմից։

Մրցույթը կտևի մինչև օգոստոսի 12–ը, ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 302 հավաքածու՝ 36 սպորտաձևերում։
Մրցույթին մասնակցում են 204 երկրների ներկայացուցիչներ։

Բացման արարողությանը ներկա էին բազմաթիվ բարձրաստիճան հյուրեր, աշխարհի տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ մոտ հարյուր նախագահներ և վարչապետեր: Այստեղ է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Մինչ օլիմպիական կրակը վառելը,  Մեծ Բրիտանիայի Ելիզավետ 2–րդ թագուհին հայտարարեց օլիմպիական խաղերի բացումը։ Այնուհետև մասնակիցները օլիմպիական երդում տվեցին։ Մարզիկների անունից այն կարդաց Սառա Սթիվենսոնը՝ թեքվանդոյից առաջին բրիտանացի աշխարհի չեմպիոնուհին։

Բացման արարողությանը, որը բեմադրել էր հայտնի ռեժիսոր Դեննի Բոյլը, Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում հետևում էր 80 հազ մարդ և շուրջ 1 մլրդ մարդ՝ հեռուստացույցով։
Արդեն այսօր խաղարկվելու է մեդալների 12 հավաքածու։
Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, Հայաստանից այս նշանակալի իրադարձությանը մասնակցելու են 25 մարզիկներ, որոնցից 4–ը հանդես կգան արդեն այսօր։ Նրանք են՝ Հովհաննես Դավթյանը՝ ձյուդո (60 կգ), Արթուր Դավթյանը՝ մարմնամարզություն, Նորայր Բախտամյանը՝ հրաձգություն և Անդրանիկ Հակոբյանը՝ բռնցքամարտ։
Ցավոք, երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ մարզումների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով, ամենայն հավանականությամբ, մրցասպարեզ դուրս չի գա ծանրամարտիկ Տիգրան Գ. Մարտիրոսյանը, ով մեր հավաքականի հիմնական հույսերից մեկն էր և համարվում էր մեդալի իրական հավակնորդ։

Լուսանկարները՝ AP Photos–ի, Getty Images–ի և Reuters Photo–ի




































































































No comments:

Post a Comment